Արցախի խորհրդանշական «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ

Արցախի խորհրդանշական «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ

Որպես «Ազգային» պատմամշակութային հիմնադրամի փոխնախագահ՝ ցանկանում եմ հրապարակել մտահոցության արտահայտություն՝ վերաբերող Արցախի խորհրդանշական «Մենք ենք մեր սարերը» հուշարձանին։

Այս ստեղծագործությունը, որը հայտնի է նաև «Տատիկ-պապիկ» անվանմամբ (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), 1967 թվականին ստեղծվել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը, որը կերտված է կարմիր տուֆից, տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի կապը։

Հուշարձանը ներկայացնում է ավանդական տարազով տարեց ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, որոնց կեցվածքը խորհրդանշում է հպարտություն և անսասանություն։ Այն բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Այս ստեղծագործությունը միջազգային ճանաչում է ստացել՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։

Սակայն հուշարձանի պատմությունը ծանր փորձություններ է ունեցել։ Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Չնայած այդ ճնշումներին, հուշարձանը կանգնեցվեց՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծվեց լայնածավալ ռազմական գործողություն, և դրան հաջորդեց Արցախի ամբողջական բռնազավթումը, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը՝ սեպտեմբերի 29-ին, հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։

Այժմ, 2024 թվականի նոյեմբերին, սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստում են նորանոր վանդալիզմի դեպքեր։ Հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։

Այսպիսով, նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոցություն է առաջացնում, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև՝ ոչնչացման։